ԵԱՏՄ երկրների և Չինաստանի տեխնոլոգիաների միաձուլումը կարող է սիներգիայի էֆեկտ տալ

Միխայիլ Մյասնիկովիչ
Մյասնիկովիչն առաջնորդների իմաստուն որոշում է անվանել եվրասիական ինտեգրացիան և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համատեղելու գաղափարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի տեխնոլոգիական զարգացման զուգակցումը կարող է մեծ սիներգետիկ էֆեկտ ունենալ։ Այսօր Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում միջազգային համագործակցության հարցերով բարձր մակարդակի երրորդ համաժողովի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ-ի մամուլի ծառայությունը։
«ԵԱՏՄ բոլոր պետությունների ղեկավարները սատարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ եվրասիական ինտեգրացիան և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համատեղելու գաղափարը», – նշել է Մյասնիկովիչը:
Նա դա անվանել է երկրների առաջնորդների իմաստուն որոշում։ Ըստ նրա` դրանով անցում է արվում միջազգային տնտեսական հարաբերությունների նոր իրավիճակի։ Այդ նպատակով ստորագրվել է առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, հաստատվել էր ճանապարհային քարտեզ փոխգործակցության առավել հեռանկարային մի շարք ոլորտների համար։
Ըստ Մյասնիկովիչի` այս և այլ լուծումներն այսօր գործնականում օգնում են լուծել տրանսպորտային միջանցքների թվայնացման և բեռնափոխադրումների ընթացքում փաստաթղթերի փոխանակման էլեկտրոնային ձևին անցնելու խնդիրները։
ԵԱՏՄ–ն և ASEAN–ը կզարգացնեն համագործակցությունը. Գլազև
ԵՏՀ-ում նշում են, որ ԵԱՏՄ երկրների և Չինաստանի կառավարությունների կողմից ձեռնարկվող միջոցներն ու ջանքերն արդեն տվել են տեսանելի արդյունքներ: ԵԱՏՄ երկրների և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2015-2022թթ. (ԵԱՏՄ գործունեության ժամանակահատվածում) աճել է 2,8 անգամ և փաստացի հասել 220 մլրդ դոլարի:
«Սա ռեկորդային մակարդակ է հարաբերությունների ողջ պատմության ընթացքում»,– ընդգծել է Մյասնիկովիչը:
Որպես չինական ուղղությամբ արդյունավետ աշխատանքի վառ օրինակ ներկայացվել է «Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծը, որն ուղղված է դեպի Չինաստան ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արագացված կանոնավոր փոխադրումների համար հարմարավետ պայմանների ստեղծմանը:
Մյասնիկովիչը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություններ ունի առանցքային առևտրատնտեսական գործընկերոջ հետ համագործակցության հետագա խորացման համար: Առաջարկվում է ակտիվացնել տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացման ոլորտում ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի համատեղ նախագծերի իրականացման աշխատանքները: Միությունում դրա համար անհրաժեշտ բազա է ստեղծվել։
Նշենք, որ Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում միջազգային համագործակցության երրորդ բարձր մակարդակի համաժողովին մասնակցել են ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ինչպես նաև աշխարհի ավելի քան 120 երկրների պետությունների, կառավարությունների, ոլորտային նախարարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: