ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքն այս տարածաշրջանում ի դեմս Փաշինյանի նոր Զելենսկի է տեսնում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Այսօր պրակտիկա է դարձել` կուլիսներում ինչ–որ բաներ են պայմանավորվում, դրա մասին հետո ենք իմանում: Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդավարությունից, իսկ Արևմուտքի շահերից բխում էր ծափ տալ, դրանից առաջ էլ Զելենսկուն էին ծափ տալիս: Այս տարածաշրջանում ի դեմս Փաշինյանի՝ նոր Զելենսկի են տեսնում»,– նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվան Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը գնահատում է անպատասխանատու և սադրիչ։ Բարձրաստիճան պաշտոնյան նաև ասել էր, որ տեսնում է, թե ինչպես են Հայաստանը փորձում վերածել 3–րդ Ուկրաինայի, իսկ Փաշինյանը յոթմղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով։
Ռուստամյանի համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը։ Ըստ նրա` չի կարող չհայեցակարգված, դոկտրին չունեցող դիվանագիտությունը հաջողություն բերել երկրին։
«Այսօր նա հանդես է գալ որպես ռուսամետ, վաղը հանդես կգա որպես արևմտամետ։ Այսպիսով, մենք կկորցնենք մեր հնարավոր բոլոր բարեկամներին, ինչպես նաև մեր ազգային, պետական շահերն այդպես էլ օրակարգ չեն բերվի, ու բացի այդ` դրան համապատասխան հետևողական քայլեր չեն ձեռնարկվում»,– ընդգծեց նա։
«Օրինակ` Ալիևը Արևմուտքից ստացավ այն, ինչն իրեն պետք էր. ստանում է 5 հարցերի պատասխանները։ Առաջինն այն է, որ սահմանազատում ու սահմանագծում պիտի կատարվի Ադրբեջանի պահանջներով, Ադրբեջանը մի թիզ չի զիջում, այսինքն՝ պետք է լինի իրենց քարտեզներով, ինչը հանգեցնելու է մեր տարածքային ամբողջականության նկատմամբ լրջագույն սպառնալիքի։ Անկլավների հարցը, որը բերելու է մեր ռազմավարական ճանապարհների նկատմամբ հսկողության։ Բացի այդ, երբ մենք հայտարարեցինք, որ Արցախն Ադրբեջան է, դրանով այն, ինչ տեղի է ունեցել 1988 թվականից, որպես դրա պատասխանատու` Ադրբեջանը դիտարկելու է մեզ ու ներկայացնելու է որպես ագրեսոր»,– նշեց Ռուստամյանը։
Արդյունքում, ըստ նրա` Ադրբեջանը մեր առաջ դնելու է փոխհատուցման պահանջ։ Ըստ Ռուստամյանի` վերջին կետը լինելու է փախստականների վերադարձը ՀՀ, որը մեր պետականության համար կլինի ամենամեծ սպառնալիքը:
Նա չի բացառում, որ մինչև տարեվերջ ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվի պայմանագիր, սակայն, ըստ նրա, այստեղ «խաղաղություն» բառն ավելորդ է. խաղաղության հետ այդ պայմանագիրը կապ չունի։