ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների բնապահպանական խորհուրդն այսօր քննարկել է անդրսահմանային տարածքներում էկոլոգիական մոնիթորինգի զարգացման հարցերը: Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Համագործակցության պետությունների ներկայացուցիչները քննարկել են անդրսահմանային տարածքներում էկոլոգիական համալիր մոնիթորինգի զարգացման, էկոլոգիական ապահովագրության համակարգի ներդրման թեմաները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև միջպետական խորհրդի 2024-2025 թվականների աշխատանքային պլանները, բնապահպանական գործունեության մեջ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, արտանետումների նորմավորման և հաշվառման միասնական քաղաքականության, մոտեցումների և մեթոդների մշակման, մթնոլորտի աղտոտվածության գնահատման ու կանխատեսումների հետ կապված ծրագրերը։
Հոկտեմբերի 18-ին ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական բնապահպանական խորհրդի 9-րդ նիստը կայացել է տեսակոնֆերանսի ռեժիմով: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները: