ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում կարծում են, որ Գազայի հատվածի հիվանդանոցին հասցված հարվածը կարող էր օդից չլիներ։ Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նյութից քաղվածքներ է հրապարակել ՌԻԱ Նովոստին:
Գազայի հատվածում գտնվող «Ալ Ահլի» բապտիստական հիվանդանոցը հոկտեմբերի 17-ին հարձակման էր ենթարկվել։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ զոհվել է 471 մարդ, տուժել է ավելի քան 300-ը, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Պաղեստինի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հարվածը հասցրել են իսրայելական ինքնաթիռները, իսկ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հիվանդանոցի վրա պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման` անհաջող արձակած հրթիռը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայի հատվածում «Ալ Ահլի» հիվանդանոցին հարվածելու վերաբերյալ Պենտագոնի տեղեկությունները ցույց են տալիս, որ Իսրայելը միջադեպի հետ կապ չունի:
Աղբյուրների տեղեկություններով՝ ամերիկյան հետախուզության հավաքած տվյալների մեջ վերլուծություն կա, որի համաձայն` խոսքը ցամաքային պայթյունի, ոչ թե ավիահարվածի մասին է:
«Եղել են հսկայական վնասներ և ցրված բեկորներ, ինչը համապատասխանում է գետնի մակարդակից սկսված պայթյունի հետևանքներին»,- նշում Է CNN-ը: Ընդ որում` տեղում փոս չի եղել, որը կապացուցեր ռումբի կիրառումը, հստակեցրել է աղբյուրներից մեկը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: