ԱՀԿ–ի ղեկավարը անհապաղ հասանելիություն է խնդրում Գազայի հատված

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը. Արխիվային լուսանկար
Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը գրառում է արել X–ի իր միկրոբլոկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը անհապաղ հասանելիություն է խնդրում Գազայի հատված կենսական նշանակության բեռներ մատակարարելու համար։ Այս հայտարարությունը նա հրապարակել է X սոցցանցի իր էջում։
«Գազայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ամեն վայրկյան, մինչև սպասում ենք այնտեղ բուժօգնություն ուղարկելուն, կյանքեր ենք կորցնում։ Վերջին չորս օրվա ընթացքում ԱՀԿ–ի բեռներն արգելափակվել են սահմանին (Եգիպտոսի հետ – խմբ.)։ Մեզ անհապաղ հասանելիություն է հարկավոր, կենսական կարևորություն ունեցող բեռների մատակարարումը սկսելու համար։ Մեզ պետք է, որ բոլոր կողմերից բռնությունը դադարեցվի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Գազայի հատվածի «Ալ Ահլի» հիվանդանոցը հրետակոծության է ենթարկվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով` ավելի քան 500 մարդ է զոհվել, մեծամասնությունը` կանայք և երեխաներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` զոհերի թիվը գերազանցել է 800–ը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել։
Պաղեստինը հարվածի համար մեղադրել է Իսրայելին, սակայն ՑԱԽԱԼ–ն իր առնչությունը հերքում է։ ՑԱԽԱԼ–ը հայտարարել են, որ ողբերգության պատճառը տեղի արմատականների կողմից հրթիռի անհաջող արձակումն է եղել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: