Խաշած մսի ոսկորի մեջ փորձել են թմրանյութ անցկացնել «Արմավիր» ՔԿՀ

Հանձնուքի մեջ եղել է մարիխուանա, հերոին, մեթամֆետամին, ափիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ–ում քաղաքացի Գ.Մ.–ն կալանավոր Ա.Բ.–ի համար որպես հանձնուք է բերել խաշած միս, որի ոսկորի մեջ 14 փաթեթ ընդհանուր 34.58 գր քաշով թմրամիջոց է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Հիմնարկի ծառայողները, նախապես ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Ա.Բ.-ի համար բերված հանձնուքը:
Թմրանյութ
«Փաթեթներից 4-ում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,42 գրամ քաշով զանգված, 7-ում՝ մարիխուանային նմանվող, ընդհանուր 17,27 գրամ քաշով զանգված: Երկու փաթեթում առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,86 գրամ քաշով զանգված, ևս մեկ փաթեթում՝ ափիոնին նմանվող, 1,03 գրամ քաշով զանգված»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿՀ ծառայողներին քաղաքացի Գ.Մ.-ն հայտնել է, որ իրեն՝ որպես տաքսու վարորդի, խնդրել են կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ հանձնուքը տանել «Արմավիր» ՔԿՀ, և ինքը տեղյակ չի եղել հանձնուքի պարունակությունից:
Քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
1 / 2

Թմրանյութ

2 / 2

Թմրանյութ