ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Իսպանիայի սենատի 7 խմբակցություն այսօր ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայի սենատի կայքը։
Սենատորները խստորեն դատապարտել են Ադրբեջանի՝ արդարացում չունեցող հարձակումը, որը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար։
Խմբակցությունները դժգոհություն են հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաև չի կատարում միջազգային դատարանի որոշումները:
Իսպանացի օրենսդիրները Ադրբեջանից պահանջել են անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները՝ հիշեցնելով, որ այդ երկիրը ժամանակին վավերացրել է Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
«Ընդգծում ենք Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման գործում և պահանջում թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը տարածաշրջան»,- ասվում է հայտարարության մեջ:
Խորհրդարանը նաև դատապարտել է ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստները՝ իրենց համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային ու տևական լուծման որոնումներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։