ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և մանրամասներ ներկայացնում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներից գումարներ հափշտակելու, ինչպես նաև իր ղեկավարած կազմակերպությանը հատկացված միջոցներից խոշոր չափերով գումար յուրացնելու համար:
Ըստ ՔԿ–ի` քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69–ամյա բնակիչ Կարինե Ավդալյանը 2012–2018 թթ., լինելով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» և «Իմպրոռիթմ» մշակութային հասարակական կազմակերպությունների նախագահը, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ–ի Գյումրու մասնաճյուղի և «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոն» ՀԿ–ի միջև կնքել է համագործակցության պայմանագրեր։
Այդ պայմանագրերի շնորհիվ նա կարողացել է յուրացնել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույք և գումարներ։ 2012–2018 թթ. ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ շուրջ 350 մլն դրամ գումար է առանձնացրել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ–ի Գյումրու մասնաճյուղի գույքային ֆոնդից և փոխանցել վերոնշյալ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներին, ապա կանխիկացրել։
Բացի այդ, 2015 թ. Գյումրիում անցկացվելիք «Վերածնունդ» միջազգային վեցերորդ մրցույթ–փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար կնքված պայմանագրերով Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Վերածնունդ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերվել է 5 մլն–ական դրամ, որից Ավդալյանը յուրացրել է 2 մլն 681 հազար դրանը։
Այնուհետև հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով նա կեղծել է տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց կազմված դրամարկղային մուտքի օրդերները, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կազմված ծառայությունների մատուցման մասին հաշիվները, հաստատել կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն:
Բացի այդ, մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից «Վերածնունդ միջազգային մրցույթ–փառատոն» ՀԿ–ին փոխանցված շուրջ 3 մլն ռուբլուց ևս նշված ՀԿ–ի փոխնախագահի օժանդակությամբ հափշտակել է ավելի քան 23 մլն դրամ:
Բացի այդ, Կարինե Ավդալյանը ԱՄՆ–ում մրցույթ–փառատոնի մասնակցելու համար 8 տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255 և 256 հոդվածների տարբեր հատկանիշներով` առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու համար:
«Վերածնունդ միջազգային մրցույթ–փառատոն» ՀԿ փոխնախագահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ, 46-256-րդ հոդվածների հատկանիշներով` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: