ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ժողովրդավարությունը Հայաստանում ստացել ու շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ։ Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս հայտարարությունն արեցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ հարվածները գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով են։
«Արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում ՀՀ դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը, Հայաստանի ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը տապալելու նպատակով փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով, ներքին անկայունություն հրահրելով` ուղղորդված արտաքին ուժերի կողմից», –շեշտեց գործադիրի ղեկավարը։
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը Եվրոպական խորհրդարանը ճանաչում է որպես մի մարմին, որը ՀՀ–ին և ԼՂ–ին բաժին հասած դժվարությունների ժամանակ խոսում է ճշմարտության լեզվով։
«Տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանն անցնում է ծանր փորձությունների միջով, և սա ճշմարտություն է։ Բայց նույնպիսի ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այսօր ժողովրդավարությունն առհասարակ աշխարհում է անցնում ծանր փորձությունների միջով։ Ու հաճախ հարց է հնչում` արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն։
«Ես չեմ եկել հարցնելու համար, ես այստեղ եմ պատասխանելու։ Եվ իմ պատասխանն «այո» է աներկբա։ Շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով։ Բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիներին բաժին հասած անխուսափելի փորձություններից ՀՀ–ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ անկախությունն ու ինքնավարությունը, եթե չլիներ ժողովրդավար»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Փաշինյանը երեկ է մեկնել Ստրասբուրգ։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ ՀՀ–ն ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները։