ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Բացահայտվել է Telegram հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված 1 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման երկու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Առաջին դեպքում` Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հավելվածում ստեղծած խանութ–հարթակների միջոցով ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Նրանք իրացման արդյունքում ստացված 75 մլն 881 հազար 441 դրամի հանցավոր ծագումը թաքցնելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Ի.Մ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին:
«Ի.Մ.-ի կողմից որպես պահեստ և գրասենյակ օգտագործված տարածքում, վարձակալած բնակարանում, ամառանոցում և նրա կողմից շահագործվող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են 175,632 գրամ MDMB(N)-022, 214,105 գրամ մարիխուանա, 6,710 գրամ մեթամֆետամին, 5 գրամ հաշիշ, 0,655 գրամ ամֆետամին, ընդհանուր 10,811 գրամ 115 հատ պսիլոցին պարունակող սնկերի հատվածներ, 810 գրամ կանեփ» և 0,317 գրամ մաքուր քաշով մեֆեդրոն (4-մեթիլմետկատինոն), ինչպես նաև 169 գրամ 7 հատ ամբողջական կանեփի բույսեր»,– ասվում է հաղորդագրությունում։
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 11-ին Ի.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):
Բացահայտված մյուս դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել դեռ 2012 թվականից հետախուզման մեջ գտնվող Դ.Ք.-ի և նրա հետ համագործակցող 6 անձի` Հ.Լ.-ի, Գ.Գ.-ի, Ա.Օ.-ի, Ա.Մ.-ի, Դ.Մ.-ի և Ն. Թ.-ի նկատմամբ։
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում ստացված 2 մլն 241 հազար 754 ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 83 մլն 619 հազար դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով գումարները ստացվել, շրջանառվել և կանխիկացվել են տարատեսակ կրիպտոարժութային դրամապանակների և վճարային գործիքների միջոցով:
Թմրամիջոցների աճեցման համար օգտագործված, Դ.Ք.-ին պատկանող՝ Լոռու մարզում գտնվող առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են իրացման ենթակա թմրամիջոցների հերթական խմբաքանակը՝ 365,2 գրամ քաշով մարիխուանա և 20,71 գրամ հաշիշ, ինչպես նաև դեռևս աճեցման փուլում գտնվող կանեփի բույսեր:
Հանցավոր կազմակերպության ղեկավար Դ.Ք.-ի և 6 մասնակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):
Դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև վերոնշյալ հարթակների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված (թմրամիջոցներ տեղադրող) 5 անձի նկատմամբ: