ՀՀ–ն Ադրբեջանի հետ պատրաստ է գնալ տրանսպորտային ընթակարգերի պարզեցման. Փաշինյան

Երկաթուղի
Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքում` փոխադարձության հույս ունենալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը միջանցքային խոսույթը նենգափոխում է` տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացնելու կամ ՀՀ–ն շրջափակման մեջ պահելու համար։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նման բան թույլ տալ չի կարելի»,– ընդգծեց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ–ն պատրաստ է տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման հետ կապված կյանքի կոչել Եվրամիության և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։
«Ընդ որում` տրանսպորտային կոմունիկացիաների մասով փոխադարձության սկզբունքի պահպանմամբ ՀՀ–ն պատրաստ է գնալ ընթակարգերի պարզեցման։ Մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքում` հույս ունենալով նաև փոխադարձության»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ ՀՀ–ն պատրաստ է զորքերի հայելային հետքաշման 1991 թ. սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում ոչ մի զորք չի ունենա, ՀՀ–ն էլ` Ադրբեջանի տարածքում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Բաքվի համար կարևոր է իմանալ, թե ապաշրջափակման դեպքում մյուս կողմն ինչպես է ապահովելու ՀՀ Սյունիքի մարզով անցնող երթուղով երթևեկության անվտանգությունը: Նրա խոսքով՝ Ադրբեջանին անհրաժեշտ են անվտանգության հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի համար, որը գնացք կնստի Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ:
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: