«Հեզբոլլահը» հնարավոր է` Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումներ կատարի. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. Արխիվային լուսանկար
Լիբանանյան շիական կազմակերպության ղեկավարությունը դիտարկում է Իսրայելի դեմ գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ առաջիկա ժամերին հնարավոր են «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումներ:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Աբդոլլահիանը հայտնել է «դիմադրության առաջնորդների», այդ թվում` լիբանանյան «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլայի հետ իր հանդիպումների արդյունքների մասին:
««Հեզբոլլահի» ղեկավարությունը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակներն ու սցենարները։ Նրանց հաշվարկներում ամեն ինչ ճիշտ է հաշվարկված։ Դիմադրության առաջնորդները սիոնիստական ​​ռեժիմին թույլ չեն տա որևէ գործողություն ձեռնարկել տարածաշրջանում։ Առաջիկա ժամերին հնարավոր են ցանկացած կանխարգելիչ գործողություններ»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով` դիմադրության բոլոր առաջնորդներն այն կարծիքին են, որ քաղաքական լուծման հնարավորություն կտան, եթե այն ձեռք բերվի, բայց «ցանկացած գործողություն հնարավոր է» քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի «հանցագործությունների» շարունակման դեպքում:
«Մենք փորձում ենք չընդլայնել պատերազմի մասշտաբները, սակայն դիմադրության ճակատը կփոխի Իսրայելի աշխարհագրական քարտեզը, եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն»,-հավելել է նա:
Իրանն ինքը հակամարտության տարածմանը չի աջակցում, բայց և չի կարող անտարբեր մնալ «Գազայի ժողովրդի դեմ կատարված ռազմական հանցագործությունների» նկատմամբ։
Խոսելով Իրանի` ռազմական հակամարտության մեջ մտնելու հնարավորության մասին, արտգործնախարարը նշել է, որ ցանկացած սցենար կարելի է դիտարկել։
Նշենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության նոր սրման ֆոնին ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում նաև իսրայելցի զինվորականների և «Հեզբոլլահի» միջև: Մասնավորապես, հոկտեմբերի 13-ին կողմերը հարվածներ են հասցրել միմյանց դիրքերին, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք լրագրող:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: