ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը։ Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ այդ մասին ինքը հրապարակայնորեն հայտարարել է նաև օրեր առաջ` հոկտեմբերի 10-ին` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Ինչպես նաև պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»,– շեշտեց Փաշինյանը։
Ըստ նրա` Ադրբեջանի նախագահի` Գրանադայի գագաթնաժողովին չգալն, այսպես ասած, գործերը չի հեշտացրել։ Սակայն այս տարվա ընթացքում Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն կա, և եթե Գրանադայում ևս մեկ անգամ արձանագրված սկզբունքները վերահաստատվեն, ապա մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա խիստ իրատեսական։
«Մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն։ Եվ ես ու Հայաստանի կառավարությունը, Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունն ունենք այդ քաղաքական կամքը»,– շեշտեց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է նաև միջազգային հանրության, Եվրամիության, տարածաշրջանի երկրների աջակցությունը, մասնավորաբար` նրանք պետք է հետամուտ լինեն արձանագրված սկզբունքների պահպանմանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։