Հայաստանը երբևէ իր տարածքի նկատմամբ իրավազորության սահմանափակման խոստում չի տվել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Վարչապետը եվրոպացի գործընկերներին բացատրեց` մինչդեռ միջազգային խոսույթում «միջանցք» նշանակում է միջպետական ճանապարհ, մեր տարածաշրջանում այն այլ բովանդակություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանն առանց «միջանցքային» զրույցների պետք է միմյանց համար բացեն ճանապարհները, անցագրային կետերում պետք է գործեն սահմանային և այլ հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա։
Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց` Գրանադայի հայտարարության մեջ նշված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքներից մեկը վերաբերում է երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային կապերի բացմանը։
«Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։ Միջազգային առօրյա խոսույթում ձեզ ծանոթ բառապաշարով «միջանցք» ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ։ Բայց մեր տարածաշրջանի պարագայում կա մի առանձնահատկություն` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը»,– նշեց Փաշինյանը։
Նա մանրամասնում է` այս դեպքում Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս` խաղաղապահների վերահսկողության ներքո։ Հետևաբար այս կոնտեքստում «միջանցք» բառն ունի արտատարածքային շերտի իմաստ։
«Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի տեղ իր ոչ մի տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնել, նման խոստում չի տվել»,– շեշտեց Փաշինյանը։
Իսկ ինչ վերաբերում է փոխադարձության և հավասարության սկզբունքով հաղորդակցությունների ապաշրջափակմանը` երկրների իրավազորության ներքո, Հայաստանը պատրաստ է օր առաջ դա անել։
Փաշինյանը Մեղրիի երկաթուղին Եվրախորհրդարանում անվանեց «խաղաղության խաչմերուկ»
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները նույնպես պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։