ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ստրունիցայում քիչ առաջ Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան ընկերական խաղում 3։1 հաշվով հաղթեցին մակեդոնացիները։
Հյուսիսային Մակեդոնիայի հետ ընկերական խաղում սպասվում էր Էդգար Սևիկյանի նորամուտը մեր թիմի մեկնարկային կազմում։ Սակայն Ալեքսանդր Պետրակովը, նախորդ խաղի համեմատ 5 փոփոխություն կատարելով, Սևիկյանին մեկնարկային կազմում տեղ չէր տվել։ Մեր ընտրանու նորեկը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո։
Խաղի մեկնարկային րոպեների ընթացքում որոշակի առավելություն ունեին դաշտի տերերը, և դրվագներից մեկում անխուսափելի գոլից մեր թիմին փրկեց դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։ Մի քանի րոպե անց արդեն խաղին միջամտեց մակեդոնացիների դարպասապահ Դամյան Շիշկովսկին։ Աստիճանաբար խաղը հավասարվեց։ Խաղը արագ տեմպով չէր ընթանում, և մրցակիցներն ավելի հաճախ դիմում էին հակագրոհների անցկացմանը։ Ցավոք, հենց նման հակագրոհի ժամանակ էլ հաշիվը բացվեց, բայց ոչ մեր օգտին։ Ալեքսանդր Տրայկովսկին առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ գրավեց Չանչարևիչի դարպասը։
Խաղի ընթացքն ու հաշիվը չէին կարող գոհացնել Ալեքսանդր Պետրակովին, ու ընդմիջումից անմիջապես հետո մեր թիմի կազմում փոփոխություններ տեղի ունեցան։ Խաղադաշտ դուրս եկան Էդուարդ Սպերցյանը, Տիգրան Բարսեղյանը և Էդգար Սևիկյանը։ Սակայն խաղի ընթացքը փոխել մերոնց չհաջողվեց, բացի այդ էլ մակեդոնացիները զարգացրին իրենց հաջողությունը։ Միլան Ռիստովսկին մեր երեք պաշտպանների հետ պայքարում կարողացավ առաջինը հասնել դարպասաձողից անդրադարձած գնդակին, ու հաշիվը դարձավ 2։0։
Երկրորդ անգամ անընդմեջ մեր հավաքականը երկու գնդակի տարբերությամբ պարտվում էր մրցակցին։ Բայց մեր հավաքականը ոչ մի բան չկարողացավ երկու դեպքում էլ անել (Լատվիայի հավաքականին էլ զիջել ենք 0։2 հաշվով) պարտությունից խուսափելու համար։ Խաղի ժամանակը սպառվում էր, սակայն մերոնք նույնիսկ գոլային պահեր չէին կարողանում ստեղծել։ Իսկ մակեդոնացիները խաղավերջում էլ արագ հակագրոհի միջոցով երրորդ անգամ ստիպեցին մեր ֆուտբոլիստներին խաղը վերսկսել կենտրոնից։
Նման խաղով մենք դժվար թե կարողանանք արդյունքի հասնել նոյեմբերի 18-ին Ուելսի հետ հանդիպմանը։ Ճիշտ է, Սպերցյանին վերջին վայրկյաններին հաջողվեց խփել հեղինակության գոլը, բայց դա ոչ մի կերպ չազդեց մեր ընտրանու ցուցադրած ֆուտբոլի վրա։
Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ խաղը շատ կարևոր է մեր ընտրանու համար։ Եվրո-2024-ի որակավորման փուլում նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան-Ուելս հանդիպումը կարող է և ճակատագրական լինել մեր թիմի համար ընտրական այս մրցաշարում։
Վերջում հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը Իռլանդիայում ավարտեց իր ելույթները Եվրոպայի 22024 թվականի առաջնության ընտրական խմբում։
Մեր թիմը վերջին խաղում՝ այսօր, 1։7 հաշվով պարտվեց Իսլանդիայի հավաքականին։ Իսկ մինչ այդ նույնպես խոշոր հաշվով մերոնք պարտվել էին Իռլանդիայի և Շվեյցարիայի իրենց հասակակիցներին։ Ընդհանուր առմամբ, մեր թիմը խփեց մեկ և բաց թողեց 16 գնդակ։