ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այսօր երկօրյա այցով կժամանի Երևան։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ին Մուշիկիվաբոն բանակցություններ կվարի ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։
Այցի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ Մուշիկիվաբոն Երևան էր այցելել 2021 թվականի հոկտեմբերին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։