Գևորգ Ալթունյանը կալանավորվել է

Գևորգ Ալթունյան
Փաստաբանի խոսքով` Ալթունյանին առաջադրված մեղադրանքը կապ չունի իրականության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Գոռ Սաղոյանը։
Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ էր կիրառել Ալթունյանի նկատմամբ, դատախազությունը բողոքարկել էր։
Սաղոյանը նշեց, որ վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի որոշումը և 2 ամիս կալանք սահմանել, բայց իրենք դեռ չեն բողոքարկել վերաքննիչի որոշումը։

«Գևորգ Ալթունյանը հարցաքննվել է, շատ ծավալուն ցուցմունք է տվել, և էլի գործողություններ ենք միջնորդել, որ կատարեն, որովհետև այն, ինչ իրեն առաջադրված է, որևէ կապ չունի իրականության հետ»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։