ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն Սենատում բյուջետային լսումների ժամանակ հայտնել է, որ առաջիկայում բանակցելու է հայ գործընկերոջ` Սուրեն Պապիկյանի հետ։ X-ի իր միկրոբլոգում այդ մասին գրել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Հաջորդ շաբաթ կապ կհաստատեմ ՀՀ պաշտպանության նախարարի հետ` ամփոփելու օպերատիվ և կոնկրետ միջոցառումների արդյունքները։ Ֆրանսիան Հայաստանի կողքին է»,– ասել է նախարարը։
Հիշեցնենք` հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարել էր, որ Փարիզը համաձայնություն է տվել ապագայում Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։