ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
Նա պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ԵՄ–ն բանաձև և մեկ զեկույց է ընդունել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, արդյոք Եվրախորհրդարանը պատրաստվո՞ւմ է գործուն քայլեր անել այդ ուղղությամբ։
«Պատահական չէ, որ հենց այս խորհրդարանն է այդպիսի զեկույցներ ընդունել ու կոչ է արել հնարավորինս շուտ սկսելու խաղաղության բանակցությունները»– ընդգծեց նա։
Մեցոլան նաև ասաց, որ ողջունում են Փաշինյանի ու Ալիևի կողմից համաձայնեցված և Շառլ Միշելի մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպման փաստը։
«Խաղաղության բանակցությունները մեզ համար կարևոր են Ադրբեջանի հետ սահմանազատման, հաղորդակցման ուղիների բացման և մարդասաիրական խնդիրների լուծման առումով։ Վերջին ամսվա իրադարձությունները շատ մտահոգիչ են, այդ պատճառով կոչ ենք անում խաղաղություն և մարդասիրական պաշտպանություն»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։