ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Բելգիայի Սխարբեկ կոմունայում ոստիկանությունը վնասազերծել է մի մարդու, որը կասկածվում է Բրյուսելում տեղի ունեցած զինված հարձակման մեջ։ Տեղեկությունը հայտնում է RTBF հեռուստաալիքը։
Նշվում է, որ նա կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
«Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը նրան վնասազերծել է բերման ենթարկելիս», - հայտնում է հեռուստաալիքը։
Ըստ հաղորդագրության` ներքին գործերի նախարարը հաստատել է չեզոքացման փաստը, սակայն նշել է, որ տղամարդու ինքնությունը դեռ պաշտոնապես չի պարզվել:
Նշենք, որ նարնջագույն բաճկոնակով տղամարդը երեկ մոտեցել է Բրյուսելի կենտրոնում գտնվող շենքերից մեկին և «Ալլահ Աքբար» բղավելով կրակել Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստով մարդկանց վրա:
Մահացել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, ևս մեկ մարդ վիրավորվել է: Զոհերը շվեդներ են, որոնք Բրյուսել են մեկնել Շվեդիա-Բելգիա խաղին ներկա գտնվելու համար: Ավելի ուշ հարձակվողը տեսագրություն է տարածել, որում հայտարարել է, թե պատկանում է «Իսլամական պետություն» խմբավորմանը (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն):