ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. BBC News-ը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ հեռուստահաղորդավարները Պաղեստինին աջակցող երթերին մասնակցող մարդկանց անվանել են ՀԱՄԱՍ-ի աջակիցներ:
«Ավելի վաղ BBC News-ով հայտնել էինք հանգստյան օրերին տեղի ունեցած ցույցերի մասին: Մենք պատմել էինք ամբողջ Մեծ Բրիտանիայի տարածքում անցկացված մի քանի ցույցերի մասին, որոնց ընթացքում մարդիկ հայտարարում էին ՀԱՄԱՍ-ին աջակցելու մասին: Մենք ընդունում ենք, որ դա վատ էր ձևակերպված և մոլորեցնող նկարագրություն էր Պաղեստինին աջակցող ցույցերի վերաբերյալ»,- եթերում հայտարարել է BBC News-ի գլխավոր հաղորդավար Մարիամ Մոշիրին։
BBC-ի արաբական ստորաբաժանման վեց լրագրողներ հեռացվել են աշխատանքից ՀԱՄԱՍ-ի գործողություններին աջակցելու պատճառով, ներքին քննություն է սկսվել:
Բրիտանական BBC-ի և Guardian-ի թղթակիցներին ու լրագրողներին հեռացրել են եթերից՝ սոցցանցերում պաղեստինամետ դիրքորոշումներ արտահայտած գրառումների տակ like–երի պատճառով
Նշենք, որ BBC-ն քննադատության էր ենթարկվել լուրերի հոկտեմբերի 16-ի թողարկումից հետո: Բրիտանական Novarra Media մեդիաընկերության համահիմնադիր Ահարոն Բաստոնին X-ում գրել էր. «Բացարձակապես զզվելի է BBC-ի կողմից։ Դա նշանակում է, որ Լոնդոնում 150.000 մարդ խախտել է ահաբեկչության մասին օրենքը»։
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին վերջին շրջանում լրատվամիջոցներում հայտնվում են չստուգված հաղորդագրություններ, որոնք երկու կողմից էլ դաժանություն են հրահրում:
Ավելի վաղ CNN-ի լրագրող Սառա Սիդները ներողություն էր խնդրել «ՀԱՄԱՍ-ի կողմից գլխատված երեխաների» մասին հաղորդման համար: Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը սկզբում հայտարարել էր, որ հաստատում է Քֆար-Ազա համայնքում գլխատված երեխաների մասին տվյալները, իսկ հետո փոխել է իր դիրքորոշումը: Սիդներն ասել էր, որ ցավում է, և պետք է ավելի զգույշ խոսել, ինչը չի կարելի չողջունել: Սակայն կտրված գլուխների թեզն արդեն հայտնվել էր լրատվամիջոցներում, այդ մասին նույնիսկ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Սոցցանցերի օգտատերերը նաև թերահավատորեն էին վերաբերվել «այրված նորածնի» լուսանկարին, որը կարող էր արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված լինել՝ փրկված շնիկի լուսանկարի հիման վրա:
Եվս մեկ միջադեպ է տեղի ունեցել բրիտանական Guardian պարբերականի հետ. թերթը խզել է պայմանագիրը հայտնի ծաղրանկարիչ Սթիվ Բելի հետ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «հակասեմիտական» նկարի համար: