ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն Արցախից բռնի տեղահանված շուրջ 14.600 երեխայի տրամադրել է 100.000–ական դրամ։ Այս մասին հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Անչափահասների համար առանձին հարթակ է գործարկվել, որտեղ երեխայի մայրը պետք է լրացներ տվյալները, ինչից հետո գումարը կփոխանցվեր։ Շուրջ 30.000 երեխայից 27.300–ի համար արդեն դիմում ներկայացվել է։ Նախորդ շաբաթ նրանցից 14.593–ի գումարը կարողացել ենք վճարել։ Մյուս դիմումները մշակման փուլում են»,– ասաց Մկրտչյանը։
Նա շեշտեց, որ ավելի քան 80.000 քաղաքացի նույնպես ստացել է 100 հազարական դրամները։
Նախարարն անդրադարձավ նաև այն ծրագրին, որով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ստանում են նաև ամսական 50.000–ական դրամ օգնություն՝ բնակարանների վարձակալության և կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար:
«Նոյեմբերից մեր հայրենակիցները, որոնք սեփական բնակարան ունեն Հայաստանում, կստանան 10 հազար դրամ կոմունալ ծախսերի փոխհատուցման համար», - ասել է նախարարը:
Մկրտչյանը հավելեց, որ նախարարության խնամակալության կենտրոններում այս պահին գտնվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 200 տարեց: Ավելի քան 200 երեխա տարբեր օգնություն է ստանում նախարարությունից։
Պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի։