Զրուցել են Պուտինն ու Եգիպտոսի նախագահը. ի՞նչ են պայմանավորվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Երկու երկրների նախագահները կարևորել են հրադադարի պահպանումն ու խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են աշխատել Գազայի հատվածի և Իսրայելի միջև ճգնաժամի պատճառների վերացման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Եգիպտոսի առաջնորդի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ Պուտինն այսօր է զանգել Եգիպտոսի նախագահին և նրա հետ քննարկել տարածաշրջանային վերջին իրադարձություններն ու Գազայի հատվածում իրավիճակի սրացումը։
Քննարկվել են նաև դիվանագիտական քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերահսկելի դարձնել և կանխել բռնության ու հակամարտության տարածումը։
Նշվում է, որ երկու երկրների նախագահները կարևորել են հրադադարի պահպանումն ու խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։
Երկու նախագահները խոսել են ճգնաժամի պատճառների վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքի անհրաժեշտության մասին` հաշվի առնելով պաղեստինյան խնդրի քաղաքական հեռանկարների կարգավորման բացակայությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հարձակումից հետո մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ վերցրին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական: Իսրայելը նաև հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։
Իսրայելի կողմից Գազայի հարավի համար հումանիտար հրադադար է սպասվում
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ` ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, բայց ստեղծվեց միայն իսրայելական պետությունը: Իսրայելը, համաձայնություն հռչակելով երկու պետությունների սկզբունքի հետ, վերջնականապես չազատեց պաղեստինյան տարածքները։