Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Վիտալի Բալասանյան
Պաշտպանի խոսքով` իրավիճակն Արցախում այնքան ծանր էր, որ դատավարական փաստաթուղթ օբյեկտիվորեն հնարավոր չէր ստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը` կարճվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս Արցախում գտնվելու ժամանակ։
«Ես դատավարական որևիցե փաստաթուղթ այս մասով չեմ ստացել, միայն տեղեկացվել եմ, որ գործը կարճվել է։ Երբ դա տեղի ունեցավ, իրավիճակն Արցախում արդեն շատ ծանր էր, և քննիչներն օբյեկտիվորեն չէին կարող որևէ փաստաթուղթ տրամադրել»,– նշեց Մարտիրոսյանը։
Հարցին` արդյոք սպասու՞մ են, որ հիմա արդեն ՀՀ–ում որևէ դատավարական փաստաթուղթ կտրամադրվի քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ, Մարտիրոսյանը պատասխանեց` իրավիճակը դեռևս չափազանց անորոշ է, դժվար է սպասելիքների մասին խոսել։
Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն ձերբակալել էին հուլիսի 13-ին Արցախում: Բալասանյանին մեղադրանք էր առաջադրվել 4 հոդվածով։ Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։