ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվող առաջընթացը։ Կողմերն անդրադարձել են նաև այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։
«Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկուստեք հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։