Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել Է Մերձավոր Արևելքի ճգնաժամային իրավիճակը

Իսրայելի և ՌԴ ղեկավարների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ վճռականորեն մերժում և դատապարտում է ցանկացած գործողության, որի զոհ է դառնում քաղաքացիական բնակչությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհված իսրայելցիների հարազատներին և մերձավորներին, շեշտադրել է ցանկացած գործողության վճռական մերժումն ու դատապարտումը, որոնց զոհ է դառնում քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ կանայք և երեխաները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։