Պուտինը բանակցություններ կանցկացնի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ

Վլադիմիր Պուտին
Պեկին այցից առաջ Պուտինը բանակցելու է հակամարտության հետ առնչություն ունեցող հիմնական երկրների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հինգ միջազգային հեռախոսազրույց է ունենալու, այդ թվում՝ զրուցելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այսօր մենք, կարելի է ասել, այսպիսի «հզոր կրակոց» ունենք՝ հինգ հեռախոսազրույց։ Նախագահն արդեն բանակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Օրվա ընթացքում տեղի կունենան նաև հեռախոսազրույցներ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի, Պաղեստինի նախագահ Աբբասի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ»,– ասել է Ուշակովը։
Պեկին այցից առաջ Պուտինը բանակցելու է այն հիմնական երկրների հետ, որոնք առնչվում են այդ հակամարտությանը:
«Բնականաբար, նա կարտահայտի մեր գնահատականները, կներկայացնի մեր դիրքորոշումը և կլսի իր գործընկերների համապատասխան նկատառումները»,– հավելել է Ուշակովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն ուշադիր հետևում է պաղեստինա-իսրայելական հակամարտության աննախադեպ սրմանը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջնորդն այդ թեմայով արդեն հրապարակային արտահայտվել է, այդ թվում՝ վերջերս Բիշքեկ կատարած այցի ընթացքում: Նա իրավիճակը քննարկել է Իրաքի վարչապետ Մուհամեդ աս Սուդանիի հետ, որն անցյալ շաբաթ Մոսկվայում էր։ Հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։