ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ առանձնազրույց կունենա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ուշակովի խոսքով՝ առաջնորդները նման ձևաչափով հանդիպմանը կքննարկեն ամենազգայուն հարցերը։
Լրագրողների հետ զրույցում Ուշակովն ասել է, որ Պուտինի և Սիի բանակցությունները կկայանան հոկտեմբերի 18-ին երկու փուլով՝ ընդարձակ և նեղ կազմերով։
«Չի բացառվում, որ առաջնորդներն առանձնազրույց ունենան նույնիսկ այդ նեղ կազմից դուրս», - ասել է նա։
Ինչպես նշել է Պուտինի օգնականը, այդ ձևաչափը լիովին փակ է։
«Երբ երկու առաջնորդները խոսում են, ապա իսկապես քննարկվում են ամենազգայուն հարցերը, որոնց մասին պետք չէ, որ իմանան հասարակության լայն շրջանակները», - նշել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ Պուտինը հոկտեմբերի 17-ին ՉԺՀ-ում կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին։ ՌԴ նախագահը Չինաստան էր այցելել նախորդ տարեսկզբին` Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից առաջ։