Փաստաբաններին չեն թողնում մտնել ՔԿ կամ ոստիկանության բաժիններ. ՄԻՊ–ում բողոքներ են ստացվել

Մեկուսարան. Արխիվային լուսանկար
Փաստաբանական ինստիտուտի երաշխավորված պաշտպանությունն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանյան փաստաբաններին թույլ չեն տվել մուտք գործել քննչական մարմիններ և ոստիկանության բաժիններ` մասնակցելու քննչական գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
ՄԻՊ աշխատակազմում այս մասով բազմաթիվ բողոքներ են ստացվել։ Նշվում է, որ դա կարող է հանգեցնել անձանց պաշտպանության իրավունքների անտեսմանը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով։
«Փաստաբանի անխոչընդոտ գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։ Փաստաբանի անարգել մուտքն ու վստահորդին տեսակցելն ինքնանպատակ չեն։ Այդ երաշխիքները նպատակ ունեն ապահովել իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը։ Տեսակցելու արգելքը մի շարք դեպքերում կարող է ուղղակիորեն հանգեցնել անձի պաշտպանության իրավունքի ոտնահարման»,– ասված է Անահիտ Մանասյանի հայտարարության մեջ։
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ներկայացված յուրաքանչյուր բողոքի կամ ահազանգի մասով անհապաղ միջամտություն է իրականացվում։ Պաշտպանի աշխատակազմում արձանագրված խնդիրներն ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին։