ԼՂ–ում պայթյունից տուժած և 20 օր չհաշվառված քաղաքացիները ուշացումով կօգտվեն աջակցությունից

Պայթյուն Ստեփանակերտի մոտակայքում
Արցախից ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան տեղափոխված անձինք տևական ժամանակ չեն հաշվառվել և չեն կարողացել օգտվել 100 000 դրամ աջակցության ծրագրից։ Հարազատների բարձրացրած աղմուկից հետո պետությունը որոշել է նրանց ևս աջակցություն տրամադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի մոտակայքում պայթյունից տուժած քաղաքացիները, որոնք ուղղաթիռով կամ շտապօգնության մեքենայով են Հայաստան հասել, շուրջ 20 օր հաշվառում չանցնելուց հետո կկարողանան օգտվել ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 100 000 դրամ աջակցությունից։ Վիրավորներից շատերը դեռ գտնվում են հիվանդանոցում և չեն կարող անձամբ հաշվառում անցնել։
Դեռ օրեր առաջ Sputnik Արմենիային էր դիմել պայթյունից տուժածներից մեկի կինը և հայտնել, որ տևական ժամանակ չի կարողանում ամուսնու անունով նախատեսված 100 000 դրամ աջակցությունից օգտվել, քանի որ էլեկտրոնային համակարգում նրա տվյալները չկան։ Նա նշել էր, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ բուժում է ստանում ամուսինը, խնդիրը համատարած է։
Մինչ այդ կինն ահազանգել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Աջափնյակի համայնքապետարան, միգրացիոն ծառայություն, սակայն նրան հայտնել էին, որ ոչնչով չեն կարող օգնել։
Sputnik Արմենիան ևս փորձեց խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ տարբեր պատկան մարմիններից։
Մեզ հաջողվեց պարզել, որ այդ քաղաքացիների անձնական տվյալները կմուտքագրվեն համակարգ։ ՀՀ առողջապահության նախարարությունը հավաքագրում է պայթյունից տուժած անձանց տվյալները և կփոխանցի միգրացիոն ծառայությանը։
Որոշ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ առողջապահության նախարարությունից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը տրամադրվել են նշված անձանց անձնական տվյալները, և այդ մուտքագրումն ապահովվել է։

«Խոսքը ոչ միայն պայթյունից տուժածների, այլև ռազմական գործողությունից վիրավորված անձանց մասին է (ովքեր ՀՀ են տեղափոխվել սեպտեմբերի 24–ին կամ դրանից հետո. խմբ)։ Նրանք կարող են օգտվել տեղահանված անձանց տրվող աջակցությունից»,- ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ մահացան։ Պայթյունից հետո Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվեց 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում. խմբ.):