Իսրայելից ՀՀ 220 քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռը մեկնել է «Զվարթնոցից»

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով՝ «Հայկական ավիաուղիների» օդանավը Հայաստանի մայրաքաղաք կժամանի 15։30-ին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ՀՀ 220 քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով` 9։36 ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Նախնական տվյալներով՝ Երևանի ժամանակով 13:00-ին «Հայկական ավիաուղիների» օդանավը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,– ասացին ՔԱԿ–ից:
Նաև հայտնում են, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։
Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ ՀՀ ԱԳՆ–ն վստահեցրել է` Իսրայելում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, Երուսաղեմի հայկական եկեղեցին նույնպես չի տուժել։ Այս ընթացքում երկրում Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում է իրականացվել։
Մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ 3 քաղաքացու ՀՀ վերադառնալու խնդիր, ինչին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: