Իրավիճակը Գազայի հատվածում աղետալի է, բնակիչները խուճապի մեջ են։ Նրանք ինքնուրույն տեղաշարժվում են Գազայի թաղամասից թաղամաս, քաղաքից քաղաք՝ թաքնվելով օդային հարձակումներից։ Հարվածներից չեն կարողանում խուսափել անգամ լրագրողները։ Պաշտոնական տվյալներով՝ Գազայում արդեն սպանվել է ԶԼՄ 11 ներկայացուցիչ (այդ թվում՝ միջազգային լրագրողներ), վիրավորվել՝ 20-ը, ավերվել է լրատվամիջոցների 50 շենք։
Գազայի հատվածում փլատակների տակ ավելի քան 1 հազար դի կա։ Միաժամանակ, ըստ իսրայելցի զինվորականների, ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում 199 պատանդ է պահում։
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ իսրայելցիների զոհերի թիվը գերազանցել է հազարը, վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ։ Պաղեստինյան կողմում շատ ավելի շատ զոհեր կան։
Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել, որպեսզի Գազայի հատվածում անվտանգ միջանցքներ բացվի դեղորայքի և սննդի մուտքի և վիրավորներին դուրս բերելու համար։ Նրա խոսքով՝ Իսրայելը Գազայի հատվածում «ոչնչացման պատերազմ» է մղում։
Պաղեստինի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ միայն այսօր` հոկտեմբերի 16-ին, Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են եղել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Գազայում ջրի պակասն ավելի քան 2 մլն բնակչի համար կյանքի ու մահվան հարց է դարձել, անհրաժեշտ է անհապաղ վառելիք հասցնել այդ տարածք։ Այս մասին ահազանգում է Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործերով ՄԱԿ–ի գործակալությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հարձակումից հետո մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ վերցրին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական: Իսրայելը նաև հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը: