ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իրանցի հայտնի ռեժիսոր Դարիյուշ Մեհրջուիի և նրա կնոջ սպանության մեջ կասկածվող անձանց թիվը հասել է 7-ի: IRNA գործակալության հաղորդմամբ` տեղեկությունը հայտնել է Իրանի ոստիկանության ներկայացուցիչ Սաիդ Մունթազեր Ալ Մահդին։
Իրանցի ռեժիսոր Դարիյուշ Մեհրջուիին և նրա կնոջը մահացած են գտել Իրանի հյուսիսում գտնվող իրենց տանը: Դիակները հայտնաբերել է նրանց դուստրը։ Մարմինների վրա եղել են կտրվածքներ և ծեծի հետքեր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն ՝ ամուսինների մահը վրա է հասել խեղդելու հետևանքով։
«Երկրի տարբեր կետերում ձերբակալվել է յոթ կասկածյալ», - գործակալությունը մեջբերում է ոստիկանության ներկայացուցչի խոսքը։
Դարիուշ Մեհրջուին իրանցի կինոռեժիսոր է, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, Իրանի Արվեստների ակադեմիայի ակադեմիկոս: Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի թատերական ֆակուլտետում, նրա ուսուցիչը ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր Ժան Ռենուարն է եղել: Ստացել է նաև փիլիսոփայության դիպլոմ: Լոս Անջելեսում հրատարակել է «Pars Review» գրական ամսագիրը, որում նա ամերիկացիներին ծանոթացնում էր պարսկական գրականությանը։ Վերադառնալով Թեհրան՝ աշխատել է որպես լրագրող, եղել է օտար լեզուների և կինոարվեստի դասախոս Թեհրանի համալսարանում։
1971 թվականին «Պարոն միամտությունը» ֆիլմի համար Մեհրջուին առաջադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մրցանակի»։ Նա նաև միջազգային Ավետարանական ժյուրիի մրցանակի դափնեկիր է «Փոստատար» ֆիլմի համար, նաև Բեռլինի կինոփառատոնի Միջազգային Կաթոլիկ կազմակերպության կինոմրցանակ է ստացել «Կովը» ֆիլմի համար։ Դարձել է Սան Սեբաստիանի «Ոսկե խեցի» մրցանակի դափնեկիր և Բեռլինի կինոփառատոնի Դոն Կիխոտի մրցանակի դափնեկիր «Սառա» և «Տիկինը» ֆիլմերի համար։