ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին պատգամավորը հայտնում է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
Հիմք ընդունելով նաև Սամվել Բաբայանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունները, Գալստյանը հաղորդում է ներկայացրել 2 դրվագով։
«Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով և ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,– գրում է Գալստյանը` ներկայացնելով հաղորդման առաջին դրվագը։
Բացի սա պատգամավորը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի և այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր ձախողել են Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրով իրենց վերապահված պարտականություններն ու հանձնառությունները, շեղվել են վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից, տապալել են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։ Սամվել Բաբայանը հորդորել էր իրավապահներին քրեական գործ նախաձեռնել Արցախի իշխանությունների դեմ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։