ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման համար 80 205 դիմում է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը։
«Դա և՛ թեժ գծով ստացված, և՛ համայնքներից ստացված դիմումների թիվն է»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրենք սեպտեմբերի 24–ից սկսած ներգրավված են արագ արձագանքման աշխատանքներում։ Նախ Կոռնիձորում և Վայքում բացված հումանիտար կայաններում իրականացրել են հաշվառում, նախնական կարիքի գնահատում, որից անմիջապես հետո սկսվել է մարդասիրականա աջակցության տրամադրումը սննդի, հիգենիկ պարագաների փաթեթների, անկողնային պարագաների, կենցաղային իրերի տեսքով։
«Այս պահին էլ Երևանում և շրջական մարզերում կատարվում են մարդասիրական օգնության բաշխումներ։ Այս շաբաթ կսկսենք բազմակողմանի կարիքների գնահատում իրականացնել, որի հիման վրա կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր կմշակվեն։ Բացի այդ, այս պահին քննարկվում է կանխիկ աջակցության տրամադրման հարցը։ Մենք էլ կմիանանաք ՀՀ կառավարության 40000 +10000 դրամ աջակցության ծրագրին (վարձավճարների և կոմունալ վճարների համար աջակցության ծրագիր )»,–ասաց նա։
Գրիգորյանը նշեց, որ այս օրերին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը համագործակցում է և՛ տեղական մարմինների, և՛ մասնավոր հատվածի հետ, որն այս օրերին ակտիվ աջակցում է իրենց, քանի որ կարիքների ծավալները շատ մեծ են։
Նշենք, որ բռնի տեղահանված երեխաների հետ ընկերությունը նաև սոցիալհոգեբանական աշխատանք է իրականացնում, համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ–ի և կամավորների հետ։
Ամբողջ հանրապետության տարածքում 14 կետերում նման կենտրոններ են բացվել երեխաների համար։
Հավելենք, որ Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ կարելի է կապ հաստատել թեժ գծի միջոցով` զանգահարելով 8184, 060627070 հեռախոսահամարներով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։