ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Շահումով խաղերը ՀՀ տնտեսական աճի վրա այլևս մեծ ազդեցություն չունեն, ինչպես նախկինում էր։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«2016 թ., երբ ՀՆԱ–ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, եթե շահումով խաղերի ոլորտը չլիներ, ապա մենք ռեցեսիայի մեջ էինք լինելու։ Այսինքն, այս ոլորտի կարևորությունն ու աճը մյուսների համեմատ միշտ շատ բարձր է եղել։ Եթե դիտարկում ենք 2023 թ. վերջին ամիսները, ապա ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, մինչդեռ շահումով խաղերի ոլորտն աճել է ընդամենը 7 տոկոսով։ Այսինքն, աճ կա, սակայն դա այն աճը չէ, որ տնտեսության հիմնական քարշակող ոլորտն ինքը լինի»,– նկատեց փոխնախարարը։
ԱԺ հանձնաժողովում քննարկվում էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրացված և փոփոխված տարբերակը 2–րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տվյալներով` ՀՀ տնտեսության վրա հատկապես վերջին տարիներին սկսել են ազդել լրիվ այլ ոլորտներ։ Օրինակ` կացության ծառայություններն աճել են 30 տոկոսով, տեղեկատվական ծառայությունները` 51 տոկոսով, տրանսպորտը՝ 30 տոկոսով, վարչական օժանդակ ծառայությունները, որոնք հիմնականում այդքան արագ չեն աճում, դարձյալ աճել են 7 տոկոսով, կրթությունը` 10 տոկոսով և այլն։
«Եթե համեմատության մեջ ենք նայում, ապա հասկանում ենք, որ շահումով խաղերի ոլորտն այլևս արագ աճող ոլորտներից մեկը չէ, ճիշտ է` համաշխարհային տրենդը շարունակում է միջինում 10-15 տոկոս աճել։ Բացի այդ, մինչև տարեվերջ կարող է շատ փոխվել. չենք կարող կանխատեսում անել, քանի որ այս ոլորտը կարող է անսպասելի աճ ունենալ, բայց մենք կարծում ենք, որ տրենդը կամաց–կամաց սկսում է դանդաղել։ Սա միգուցե ժամանակավոր երևույթ է»,– նկատեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` նախարարության քաղաքականությունն այն է, որ փորձեն ոլորտը պահել թափանցիկ, նվազեցնել սոցիալական վնասները, այլ ոչ թե ընդհանրապես արգելեն։
«Համաձայն ենք, որ միակ ձևը, որպեսզի ստիպենք խաղամոլին չխաղալ, դա արգելեքն է, սակայն դա կհանգեցնի նրան, որ խաղամոլը կգնա կրիմինալ մարդկանց մոտ խաղալու, ընդհատակ կմտնի, սև շուկա կձևավորվի։ Արդյունքում, ստացվում է, որ սոցիալական այն շերտերը, որոնք օրենքից դուրս են գործում կամ չեն ենթարկվում ընդհանուր կանոններին, իրենք սկսում են դրա արդյունքում հարստանալ և իրենց ազդեցությունն ընդհանուր հասարակության վրա սկսում է մեծանալ։ Դրանից ամեն գնով պետք է խուսափել»,– ընդգծեց փոխնախարարը։
Այդ պատճառով, ըստ նրա` ՀՀ ֆինանսների նախարարությունը փորձում է ընդհանուր կարգավորումները խստացնել, սակայն ոչ այնպես, որ մարդիկ շատ արագ գնան ու մտնեն սև շուկա կամ օտարերկրյա կայքերում սկսեն խաղալ, որոնք ՀՀ–ում լիցենզավորված չեն, քանի որ ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն այնտեղ տեղի ունեցող գործողություններից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ոչ միայն անկանխիկ դարձնել շահումով խաղերի մասնակցությունը, այլև լինի խաղացողի բանկային քարտի ու խաղային հաշվեկշռի նույնականացում։