ԵՄ-ն մարդասիրական օդային կամուրջ է գործարկում Գազա օգնություն հասցնելու համար

ԵՄ դրոշները Բրյուսելում
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել էր լրացուցիչ 50 մլն եվրո հատկացնել Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Գազայի հատվածում հակամարտությունից տուժածներին օգնություն հասցնելու համար Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է դեպի Եգիպտոս «մարդասիրական օդային կամուրջ» գործարկելու մասին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել էր լրացուցիչ 50 մլն եվրո հատկացնել Գազայի հատվածին մարդասիրական օգնության համար, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զրկվել են տներից կամ ստիպված են եղել լքել դրանք Իսրայելի հասցված հարվածներից հետո և իսրայելցի զինվորականների հնարավոր ցամաքային գործողությունների ֆոնին։
«ԵՄ-ն մարդասիրական ավիակամուրջ է գործարկում, որի շրջանակում մի քանի չվերթ կիրականացվի դեպի Եգիպտոս Գազայի հատվածում գործող մարդասիրական կազմակերպություններին կենսական նշանակություն ունեցող բեռներ հասցնելու համար։ Առաջին երկու չվերթերը կկայանան արդեն այս շաբաթ», - ասվում է հայտարարության մեջ։
Նախորդ շաբաթվա սկզբին ԵՀ-ն հայտարարեց պաղեստինցիներին տրամադրվող օգնության դադարեցման մասին, սակայն ավելի ուշ այդ հայտարարությունը փաստորեն չեղարկվեց մի շարք անդամ պետությունների անհամաձայնության պատճառով։ Արդյունքում ԵՀ-ն որոշեց սահմանափակվել միայն ստուգելով, թե ինչպես են ծախսվում այդ միջոցները և արդյոք դրանք չեն հայտնվում ՀԱՄԱՍ-ի տրամադրության տակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։
Թել Ավիվ–Երևան չվերթին 190 անձից 149–ն է ներկայացել. ՀՀ ԱԳՆ