ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Գործարկվել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակ, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար»,– տեղեկացնում են նախարարությունից։
Եթե արցախցի ուսուցիչն աշխատանքի անցնի Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում, ապա 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:
Նախարարությունը մանրամասն ներկայացրել է քայլերի հաջորդականությունը, թե ինչպես է անհրաժեշտ գրանցվել համակարգում։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք` վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։