ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Իսրայել հավանական տեղափոխման համար ԱՄՆ-ն շուրջ 2 հազար զինվորական է ընտրել։ Այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը՝ տարածաշրջան զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ ծրագրեր չունենալու Սպիտակ տան հայտարարությունների ֆոնին։
«ԱՄՆ բարձրաստիճան զինվորականները մոտ 2000 զինծառայող են ընտրել՝ նպատակ ունենալով նախապատրաստել Իսրայելին օգնության ուղարկելու համար», - նշում է պարբերականը՝ հղում անելով պաշտպանական աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ զինվորականները կմեկնեն «խորհրդատվական» առաքելությամբ, ինչպես նաև բուժօգնություն կցուցաբերեն։ Մարտական գործողություններում ԱՄՆ զինվորականների անմիջական մասնակցություն չի նախատեսվում։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին չի ծրագրում Իսրայել իր զինծառայողներին ուղարկել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։