Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց եղել. փաստաբան

Տաթևիկ Վիրաբյանը. Արխիվային լուսանկար
Արսեն Բաբայանը դիմել է ՄԻՊ–ի արագ արձագանքմանն ու անհրաժեշտ միջամտություն ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին բռնության կոչեր հնչեցնելու համար։
«Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ խցում ուշագնաց է եղել։ Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ է»,– գրել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ բժիշկը որոշել է հոգեբանի ներգրավել։
Բաբայանը շեշտել է` դիմել են նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանին կալանավորել են 2 ամիս ժամկետով։