ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբանը` Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նա ԱԱԾ է կանչվել որպես վկա։
«Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է մի քրեական գործի շրջանակում, որի մանրամասները ես չեմ կարող հայտնել։ Կարող եմ ասել, որ նրան հարցաքննել են որպես վկա։ Ասեմ նաև, որ նրա տված ցուցմունքները տվյալ գործի ընթացքի և մեղադրյալի հետ որևէ առնչություն չեն ունենա»,– ասաց Մարտիրոսյանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետությունից բնակչության բռնի տեղահանումից հետո, մամուլում և սոցցանցերում հակասական հաղորդագրություններ են եղել Բալասանյանի ճակատագրի մասին։ Գրում էին, թե ադրբեջանական ուժայինները նրան ձերբակալել են։ Փաստաբանը Sputnik Արմենիային վստահեցրեց, որ իր պաշտպանյալին ոչ ոք չի ձերբակալել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։