ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիան Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Գազայի հատվածում գործողության ընթացքում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հայտարարել եմ, որ Իսրայելի շահերից է բխում խուսափել քաղաքացիական անձանց և պաղեստինցիների շրջանում կորուստներից, որովհետև ՀԱՄԱՍ-ը, ակնհայտորեն, ուզում է դա վերածել ավելի մասշտաբային արաբա-իսրայելական պատերազմի կամ փաստացի պատերազմի մուսուլմանական և մնացած աշխարհի միջև։ Մեզանից ոչ ոք, այդ թվում Իսրայելը, չի ցանկանում, որ դա տեղի ունենա, ահա թե ինչու մենք դա վճռականորեն խորհուրդ ենք տալիս որպես բարեկամ»,-մեջբերում է հեռուստաալիքը Քլևերլիի խոսքը։
Քլևերլին նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի համար «չափազանց դժվար է» Եգիպտոսի հետ պայմանավորվածություն ձեռք բերել Եգիպտոսի և Գազայի սահմանին անցակետ բացելու վերաբերյալ իր քաղաքացիներին տարհանելու համար: Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է նշել ճշգրիտ ժամկետները, թե երբ այդ անցակետը կարող է բացվել, որպեսզի մարդիկ կարողանան լքել Գազայի հատվածը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: