Լոնդոնցի փաստաբանը Գառնիում աջակցում է հայկական գորգագործության զարգացմանն ու տարածմանը

Գառնիում ստեղծված գորգերը
Կառլ Ուլբրիխտը հիանալի տիրապետում է հայերենին և գորգագործության դասընթացներ էր կազմակերպել ու հաստոցներ էր գնել Գառնիի բնակիչների համար: Այսօր նա օգնում է վաճառել նրանց գորգերը և մտադիր է նույնպիսի դասընթացներ սկսել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում գորգագործությունը փորձում են վերակենդանացնել և զարգացնել մեկ տասնյակից ավելի նախաձեռնությունների միջոցով՝ վերապատրաստման դասընթացներ, պոպուլյարիզացիայի ծրագրեր, բիզնես նախագծեր։
Այս գործում իր ներդրումն ունի բրիտանացի մի իրավաբան, որը ծնվել և մեծացել է Լոնդոնի կենտրոնում, հայկական արմատներ չունի։ 2020 թվականին Կառլ Ուլբրիխտը հիմնել է Արհեստների զարգացման հիմնադրամը (Handicrafts Development Foundation), որը շուկայում գործում է «Գառնու արհեստների կենտրոն» (Garni Crafts Centre) անվանումով։ Կազմակերպությունը զբաղվում է Գառնիում արտադրված գորգերի վաճառքով, սակայն ոչ առևտրային հիմունքներով: Ուլբրիխտը վաճառքից տոկոս կամ որևէ այլ շահույթ իրեն չի պահում, և ամբողջ եկամուտը փոխանցում է գորգագործուհիներին:
Կառլ Ուլբրիխտը
Երեք տարի առաջ Ուլբրիխտը Շվեյցարիայի զարգացման գործակալության դրամաշնորհով Գառնիի կանանց համար գորգագործության դասընթացներ է անցկացրել՝ մասնագետներ հրավիրելով Երևանից և Գորիսից, ինչպես նաև հաստոցներ է գնել: Հիմա այդ դասընթացների 6-7 շրջանավարտները վաճառքի նպատակով պատրաստում են գորգեր և ձեռագործ այլ իրեր՝ բրդյա և բամբակյա։ Ուլբրիխտը, մեզ հիանալի հայերենով դիմելով, հիշեցնում է, որ խավով և առանց խավի գորգերը հայերեն տարբեր կերպ են կոչվում՝ գորգ և կարպետ:

Ամենաերիտասարդ գորգագործը

«Առայժմ մեր վաճառքները շատ չեն, ուստի չենք կարող հիմնական աշխատանք ապահովել, ավելի շուտ կողքից գործ է։ Այդ պատճառով մեր վարպետ կանայք ամսական մեկ-երկու իր են պատրաստում, երբեմն մի քիչ շատ»,-ասում է Ուլբրիխտը, որը փոքրիկ տաղավարով ներկայացել էր օրերս Երևանում կայացած PanArmenian Expo ամենամյա ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին, ի թիվս այլ բաների, ներկայացված է նաև ամենաերիտասարդ գորգագործի՝ 11-ամյա տղայի աշխատանքը։ Թեև գորգագործությունը Հայաստանում ավանդաբար կնոջ գործ է համարվում, բայց տղան, որն այդ արհեստը սովորել է մորից, արդեն բավական առաջընթաց ունի:
Գառնի գյուղի 11-ամյա Դերենիկի պատրաստած գորգը «Գառնիի արհեստագործական կենտրոնի» տաղավարում
«Հիմա ուզում ենք նոր դասընթացներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար, որոնցից շատերը մասը գտնվում են Կոտայքի մարզում։ Մեր նախագիծը ներկայացնելու ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Հուսով ենք, որ դա կօգնի ավելի մեծ ֆինանսավորում ստանալ: Այդ դեպքում մենք կարող ենք գոնե փոքր եկամուտ ապահովել նաև այդ մարդկանց համար», -հավելեց նա։

Համերսմիթի տունը, որտեղից ամեն ինչ սկսվեց

Ուլբրիխտն այս գործում ոչ միայն կազմակերպիչ է, այլև ինքնուս դիզայներ (հիշեցնենք՝ կրթությամբ իրավաբան է)։ Նրա ոգեշնչման աղբյուրները Երևանի թանգարանների, Վերնիսաժի գորգերն են և ծնողների՝ Լոնդոնի Համերսմիթ թաղամասում գտնվող տան գորգերը։
«Իմ այս հոբբիի համար ծնողներիս եմ պարտական։ Նրանք տեքստիլի գիտակներ են, մեր պատերին միշտ ամենատարբեր գորգեր են եղել, և դրանց շնորհիվ ես սովորել եմ գնահատել բնական գույները, տարբեր երկրների և ժողովուրդների զարդանախշերը»,-ասում է Կառլը գրեթե կատարյալ հայերենով։
Ամասիայի բրդի վերամշակման գործարանի թելերը
Գառնիում հայտնվելը պատահականություն չէր․ Կառլն ավելի քան 30 տարի աշխատել է Հայաստանում, տարբեր նախագծերում։ Առաջին անգամ Հայաստան եկել է 1991-ին և մի քանի ամիս անգլերենի կամավոր ուսուցիչ է աշխատել դպրոցում։ Այնուհետև տարիներ շարունակ աշխատել է այստեղ որպես իրավաբան (իր գործունեության ընթացքում կազմել է իրավաբանական տերմինների առաջին անգլերեն-հայերեն բառարանը), հետագայում մասնակցել է Միջազգային համագործակցության գերմանական գործակալության (GIZ) նախագծերին։ Ուլբրիխտը բրիտանական և գերմանական արմատներ ունի, կատարյալ տիրապետում է այդ երկու լեզուներին։ Իսկ հայերենը մասամբ ինքնուրույն է սովորել, մասամբ՝ մասնավոր դասերով։
Նախագծի զարգացմանը զուգահեռ Ուլբրիխտը Հայաստանում գորգագործության ոլորտում ծանոթությունների լավ ցանց է ստեղծել։ Դրա շնորհիվ Գառնիում ստեղծված աշխատանքներն իրավամբ կարելի է զուտ հայկական անվանել։ Բրդյա թելերը նա գնում է Ամասիայից, իսկ հաստոցները՝ Գորիսից։ Երկուսն էլ ձեռքով են պատրաստվում, իսկ թելերը միայն բնական ներկերով են ներկվում։ Ավելին, թել արտադրողները հայտարարում են, որ, ի թիվս այլ բաների, նաև տորոն են օգտագործում։ Այդ ներկատու արմատը դարեր շարունակ օգտագործվել է հայկական գորգագործության մեջ՝ կարմիրի տարբեր երանգներ ստանալու համար։
«Հարյուր տոկոս ձեռքի աշխատանք և հարյուր տոկոս բնական արտադրանք՝ սրանք մեր վաճառքի «ֆիշկաներն» են, բայց ինչպես նշեցի՝ առայժմ ծավալը մեծ չէ։ Մարքեթինգի գլխավոր միջոց շարունակում են մնալ սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարները, որոնք երբեմն գրավում են ԱՄՆ-ից Գերմանիայից և նույնիսկ Ավստրալիայից գնորդների, բայց առայժմ նրանք շատ չեն։ Օֆլայն վաճառքի փորձերը՝ Երևանի կենտրոնի հուշանվերների խանութներում, առայժմ նույնպես հաջողության չեն հասել։
Սակայն Ուլբրիխտը չի հանձնվում և պատրաստ է իր ստեղծած գործում թե՛ ժամանակ, թե՛ ռեսուրսներ ներդնել։