Իրանն Իսրայելին հայտնել է, որ ցամաքային գործողության դեպքում կարող է միջամտել. ԶԼՄ

Հանրահավաք՝ ի պաշտպանություն Պաղեստինի Ֆլորենցիայում. Արխիվային լուսանկար
Տեղեկությունը փոխանցվել է Մերձավոր Արևելքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Իրանը ՄԱԿ-ի միջոցով ուղերձ է հղել Իսրայելին այն մասին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության հետագա սրում չի ուզում և ստիպված կլինի միջամտել Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու դեպքում, հայտնում է Axios պորտալը` հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տվյալներով` Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բեյրութում հանդիպել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան խաղաղության գործընթացի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդի հետ: Կայքի աղբյուրը հայտնել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը Իրանի արտգործնախարարին կոչ է արել օգնել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը կանխելու հարցում:
«Իրանի արտգործնախարարը պատասխանել է, որ Իրանը չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի տարածաշրջանային պատերազմի, ուզում է փորձել օգնել խաղաղ բնակիչների ազատ արձակմանը, որոնց ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում Գազայում: Սակայն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանն իր կարմիր գծերն ունի: Նա ասել է, որ եթե իսրայելական ռազմական գործողությունը շարունակվի, հատկապես, եթե Իսրայելը կատարի Գազայում ցամաքային հարձակման մասին իր խոստումը, Իրանը ստիպված կլինի պատասխանել»,-ասված է կայքի հաղորդագրության մեջ:
Պորտալի աղբյուրները հայտնել են, որ Վենեսլանդը զանգահարել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբիին և այլ բարձրաստիճան անձանց և փոխանցել է Իրանի ուղերձը:
Tasnim գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ երեկոյան Կատարում հանդիպում և բանակցություններ է անցկացրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիայի հետ, կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և ռազմական իրադրությունը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում