ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամի վերաբերյալ իմ անհանգստությունը չի պակասել։ Բացի փախստականների համար հումանիտար դժվար իրավիճակից, ես կցանկանայի նաև մի յուրահատուկ ուղերձով կոչ անել` ի պաշտպանություն այնտեղի վանքերի և կրոնական պաշտամունքի վայրերի»,– հայտարարել է Հռոմի պապը` Վատիկանի Սբ. Պետրոս հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտից հետո։
Նա հույս է հայտնել, որ հարգանք կցուցաբերվի և այդ կոթողները կպաշտպանվեն` որպես տեղի մշակույթ, հավատքի դրսևորում և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում համատեղ ապրելը` չնայած տարբերությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին էլ Ֆրանցիսկոս պապը կոչ էր արել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն հաստատվի։ Նա հույս էր հայտնել, որ համաձայնագիր կկնքվի հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։