ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ռուսաստանցիների համար լեզվական արգելք գրեթե չկա. գրեթե յուրաքանչյուր տեղացի, որը նույնիսկ ռուսերեն այնքան էլ լավ չի խոսում, կփորձի պատասխանել հարցերին կամ բացատրել, թե ուր և ինչպես գնալ: Նույնիսկ այն ռուսներին, որոնք խանութում կամ տրանսպորտում փորձում են հայերեն երկու-երեք բառ իրար կապել, հասկացնում են. «Մի լարվեք, կարող եք ռուսերեն խոսել, բոլորը ձեզ կհասկանան»: Որքան էլ հաճելի լինի, բայց որոշ ժամանակ անց ռուսները հայտնաբերում են, որ հայերենի հետ մեկտեղ իրենք բաց են թողնում տասնյակ մանրուքներ, որոնք կօգնեին ավելի լավ հասկանալ այն երկիրն ու հասարակությունը, որտեղ նրանք ապրում են:
Նրանց համար, ովքեր որոշել են «իրենց նեղություն տալ», Տոմսկից վերջերս Հայաստան տեղափոխված Դենիս Կոստարյովը որոշել է հավելված ստեղծել ամենօրյա լեզվական իրավիճակների մոդելներով։ Reloqt անվանումը կրող նախագիծը նա սկսել է մեկ այլ ռելոկանտի՝ Ալեքսանդր Շնայդերի հետ միասին։
Որպեսզի հավելվածը տարբերվի սովորական խոսակցական բառարանից, որոշել են խաղային տարրեր ավելացնել այնտեղ. յուրաքանչյուր իրավիճակ առաջադրանք է, որը պետք է կատարվի: Օրինակ՝ սրճարան գնալը «մարտահրավեր» է, որտեղ պետք է ասել «Ինձ սուրճ, առանց շաքարի» կամ «Կարո՞ղ եմ քարտով վճարել»: Սուպերմարկետում ուրիշ «չելենջ» է․ պետք է ասել՝ «Խնդրում եմ ավելի մեծ տոպրակ տվեք» կամ հարցնել. «Ո՞ր բաժնում է կաթնամթերքը»։
Երբ տուն վերադառաք և նորից հեռախոսի «մեջ մտնեք», ծրագիրը կսկսի ստուգող հարցեր տալ․ պետք է գրել, թե ինչ եք պատասխանել, երբ դրամարկղում հարցրել են․ «Տոպրակ պե՞տք ա»։ Այլ հարց է, որ իրական կյանքում դրամարկղի աշխատակիցը, որը բոլորովին արհեստական ինտելեկտ չէ, իսկույն ևեթ նորից կհարցնի ռուսերեն․ «Пакет нужен?»։ Սակայն ծրագրում այդպիսի սցենարը նախատեսված չէ (թե չէ էլ ինչպես պետք է օգտատերը հայերեն սովորի, եթե ամեն դեպքում որոշել է սովորել)։
«Կարծում եմ՝ պետք է սովորել և՛ լեզուն, և՛ մշակույթը։ Սա առաջին հերթին հարգանք է երկրի և տեղացիների նկատմամբ։ Այո, Հայաստանում պարտադիր չէ կատարյալ հայերեն իմանալ, բայց, միևնույն է, կան պահեր, երբ գոնե բազային բառերը ավելի լավ է իմանալ: Իսկ եթե Երևանում կան Աբովյան կամ Թումանյան փողոցներ, ապա ինչո՞ւ նաև չիմանալ, թե ովքեր են նրանք»,-ասում է Դենիսը։
Թեստերի մի մասը կարելի է անցնել առցանց՝ «գուգլելով» հարցերի պատասխանները, բայց մյուս մասը կարելի է անել միայն «իրական կյանքում» (նշանակված վայրում պետք է քարտեզի վրա նշել տեղը):
Ծրագրում տարբեր ծավալի առաջադրանքներ կան՝ ամենօրյա, շաբաթական։ Կան նաև սեզոնային․ օրինակ՝ մեկ տարվա ընթացքում այցելել Էջմիածին և իմանալ դրա վանքերի մասին։
Կան նաև կենցաղային թեմաներով առաջադրանքներ՝ ինչպես ճիշտ բարևել, ներողություն խնդրել, շնորհակալություն հայտնել կամ հրաժեշտ տալ: Նախատեսվում է, որ սկզբում ծրագիրը օգտատիրոջ հետ կխոսի hayeren (այսինքն` հայերեն, բայց լատինատառ), իսկ հետո՝ արդեն հայերեն։ Հավելվածը պատրաստ է առայժմ փորձնական տարբերակով, ուստի ձայնային հաղորդագրություններ առայժմ նախատեսված չեն, սակայն տեքստային հաղորդագրությունները գործում են։
«Մենք ծրագիրը փորձարկում ենք ընկերների շրջանում, իսկ բետա-տարբերակն ուզում ենք գործարկել մոտ ապագայում։ Հեռանկարում, նոր ներդրումներ ներգրավելու համար, ուզում ենք նաև այլ լեզուներով տարբերակներ սարքել այն երկրների համար, որտեղ նույնպես շատ նորեկ ռուսաստանցիներ կան. թերևս Ղազախստանի, Էմիրությունների կամ հարևան Վրաստանի համար»,-ասում է Դենիսը:
Դրա հետ մեկտեղ, նշում է նա, շատ օգտատերեր և գործընկերներ կարելի է հավաքել նաև հայկական շուկայում, այդ թվում՝ առևտրային գործընկերների շրջանում (օրինակ՝ տուրօպերատորներ, ռեստորաններ և այլն, որոնց հետ կապված կլինի առաջադրանքների մի մասը):
Ավելացնենք, որ հայերեն արտահայտություններով առաջին «չելենջները» Դենիսն ինքնուրույն է կազմել և բեռնել ծրագրում (քանի որ արդեն ինչ-որ չափով հայերեն գիտի)։ Հիմա նա պատրաստվում է ընդլայնել նախագիծը՝ հայոց լեզվի ուսուցիչների, ինչպես նաև Հայաստանի պատմության և մշակույթի մասնագետների աջակցությամբ:
Իրենց նորույթը Կոստարևն ու Շնայդերը ներկայացրել են բարձր տեխնոլոգիաների ավանդական ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսին, որն այս օրերին անցկացվում է Երևանում: