ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահը և արևմտյան առաջնորդները կարծում են, որ Հայաստանի վարչապետը ճակատագրական սխալ է թույլ տվել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այս մասին «Ֆեյսբուքի» իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Քաղաքական գործիչն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում: Օսկանյանը կարծում է, որ Պուտինն իր արտահայտություններով քաղաքականապես ոչնչացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ մանրամասն նկարագրեց, թե ինչպես Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով` Հայաստանի վարչապետը շուռ տվեց այդ էջը, ի չիք դարձրեց հարցի բարենպաստ լուծման բոլոր հնարավորությունները։
Միևնույն ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարարն ընդգծեց, որ նման կարծիքի են ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլև արևմտյան առաջնորդները:
«Միակ տարբերությունն այն է, որ արևմտյան պետությունների ղեկավարները հրապարակավ չեն խոսում այդ մասին, բայց խոսում են կուլիսներում։ Ավելին, ես հաճախ եմ շփվում տարբեր գործիչների հետ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից։ Այդ մարդիկ անկեղծորեն աջակցում են Հայաստանին, փորձում են ինչ-որ բան անել նրա համար, բայց խոստովանում են, որ պաշտոնական Երևանի որոշումներն իրենց դժվար կացության մեջ են դնում։ Ինձ ասում են, որ ոչինչ չեն կարող անել, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս»,- ասաց նախկին նախարարը:
Նա համոզված է, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելով Նիկոլ Փաշինյանը կատարել է ամենամեծ սխալը, որի համար նա պետք է ապաշխարհի հայ ժողովրդի առաջ և հրաժարական տա:
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։