Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն . Արխիվային լուսանկար
Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստն առաջին անգամ անցկացվել է նոր կազմով՝ երկրում արտակարգ ժամանակի կառավարության ձևավորումից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ կառավարության առաջին նիստում խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ խմբավորումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։
«ՀԱՄԱՍ-ը կարծում էր, որ Իսրայելը կփլուզվի։ Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը»,-հայտարարել է Նեթանյահուն։
Նշվում է, որ Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստն առաջին անգամ անցկացվել է նոր կազմով՝ Գազայի հատվածի շուրջ լարվածության ֆոնին երկրում արտակարգ ժամանակի կառավարության ձևավորումից հետո:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: