ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է «Politico» պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», իրենց տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում առկա տեղեկությունը սխալ է և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինկենն ասել է օրենսդիրներին»։
«Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լրջագույն հետևանքների։ Այս (խմբ.` Politico-ի) հոդվածի տեղեկությունը սխալ է և ոչ մի կերպ չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինկենն ասել է օրենսդիրներին»,- նշել է Միլլերը։
Հիշեցնենք, որ «Politico»–ն, վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Նշվել էր նաև, որ այդ ամենի հետ կապված Պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը: