ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը վերջին օրերին մի շարք մասնավոր շփումներ է ունեցել Իրանի հետ, որպեսզի զգուշացնի նրան խուսափել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից: Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք Իրանի հետ մասնավոր շփումներ անցկացնելու ալիքներ ունենք և մենք օգտվել ենք դրանցից վերջին մի քանի օրերի ընթացքում»,-ասել է Սալիվանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն փորձում է արտաքին խաղացողներին զգուշացնել խուսափել Պաղեստինի և Իսրայելի միջեւ հակամարտության սրումից:
Սպիտակ տան ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ հիմնավոր ապացույցներ չունեն, որ Իրանը մասնակցել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի աղմկահարույց հարձակումներին, որոնք սկիզբ դրեցին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: